Մուրթքեի աղոթքը
1 Մուրթքեն թախանձանքով աղաչեց Տիրոջը՝ մտաբերելով և հիշելով նրա մեծամեծ գործերը, և ասաց. 2 «Տե՛ր, Աստվա՛ծ, թագավո՛ր ամենակալ, քո հրամանին է սպասում ամեն ոք, ոչ ոք չի կարող քեզ ընդդիմանալ, երբ ցանկանաս փրկել Իսրայելին՝ քո ժողովրդին։ 3 Որովհետև դու, Տե՛ր, ստեղծեցիր երկինքն ու երկիրը և բոլոր սքանչելիքները։ 4 Դու տիրում ես ամեն ինչի վրա, և ոչ ոք չի կարող քո տերությանը հակառակվել։ 5 Դու գիտես ամեն ինչ։ Գիտես, որ ոչ թե հպարտությունից, ամբարտավանությունից կամ թշնամանքից ելնելով չերկրպագեցի ամբարտավան Համանին, 6 այլ Իսրայելի տան փրկության համար հաճույքով կցանկանայի նույնիսկ նրա ոտքի գարշապարը համբուրել։ 7 Սակայն այդպես վարվեցի, որպեսզի փառք չտամ որևէ մարդու, այլ միայն քեզ՝ ճշմարիտ Աստծուդ, և բացի քեզանից՝ իմ Տիրոջից, չերկրպագեմ որևէ մեկին. դա ամբարտավանությամբ չարեցի։ 8 Արդ, Տե՛ր, Աստվա՛ծ Աբրահամի, խնայի՛ր քո ժողովրդին, որովհետև ապականիչները ելել են մեր դեմ և ցանկանում են ոչնչացնել ի սկզբանե հաստատված քո ժառանգությունը։ 9 Մի՛ անտեսիր քո բաժինը, որ քեզ համար փրկեցիր եգիպտացիների երկրից։ 10 Լսի՛ր, Տե՛ր, իմ աղոթքի ձայնը և ողորմի՛ր քո ժառանգությանը, մեր սուգը ուրախությա՛ն փոխիր, որպեսզի մենք՝ ապրողներս, օրհնենք քո մեծ անունը, Տե՛ր. մի՛ ոչնչացրու այն բերանը, որ քեզ է օրհնում»։
11 Եվ ամբողջ Իսրայելն իր ողջ կարողությամբ դիմեց Տիրոջը, քանի որ մահը նրանց աչքերի առջև էր։