Ղազարոսի հարությունը
1 Ղազարոս անունով մի հիվանդ կար Բեթանիայից՝ Մարիամի և նրա քույր Մարթայի գյուղից։ 2 Սա այն Մարիամն էր, որ յուղով օծեց Տիրոջը և իր մազերով սրբեց նրա ոտքերը։ Սրա եղբայր Ղազարոսը հիվանդ էր։ 3 Նրա քույրերը Հիսուսի մոտ մարդ ուղարկեցին ու ասացին. «Տե՛ր, ահավասիկ նա, ում սիրում էիր, հիվանդացել է»։ 4 Երբ Հիսուսը լսեց, ասաց. «Այդ հիվանդությունը մահացու չէ, այլ Աստծու փառքի համար է, որպեսզի դրանով Աստծու Որդին փառավորվի»։ 5 Հիսուսը սիրում էր Մարթային, նրա քրոջը և Ղազարոսին։ 6 Լսելով, որ Ղազարոսը հիվանդացել է, նա տակավին երկու օր էլ մնաց այնտեղ, որտեղ գտնվում էր։ 7 Ապա ասաց իր աշակերտներին. «Եկե՛ք նորից գնանք Հրեաստան»։ 8 Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ քիչ ժամանակ առաջ ուզում էին քարկոծել քեզ, իսկ դու նորից այնտե՞ղ ես գնում»։ 9 Հիսուսը պատասխանեց. «Ցերեկը տասներկու ժամ չունի՞. եթե մեկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետև այս աշխարհի լույսն է տեսնում, 10 իսկ եթե մեկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետև իր հետ լույս չունի»։ 11 Այս ամենն ասելուց հետո ասաց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ նրան արթնացնելու»։ 12 Աշակերտները նրան ասացին. «Տե՛ր, եթե ննջել է, ուրեմն կառողջանա»։ 13 Բայց Հիսուսը նրա մահվան մասին էր ասում, մինչդեռ նրանց այնպես թվաց, թե նա քնով ննջելու մասին է խոսում։ 14 Այն ժամանակ Հիսուսը նրանց հայտնապես ասաց. «Ղազարոսը մեռավ.