1 Ասորեստանի Նինվե մայրաքաղաքում Նաբուքոդոնոսորի թագավորելու տասներկուերորդ տարում Մարաց աշխարհի Արփաքսադ թագավորը, որի նստավայրը Եկբատանն էր, 2 Եկբատանի շուրջը երեք կանգուն լայնությամբ և վեց կանգուն երկարությամբ կոփածո քարերով պարիսպ կառուցեց։ Պարսպի բարձրությունը յոթանասուն կանգուն արեց, իսկ լայնությունը՝ հիսուն կանգուն։ 3 Դռների երկու կողմերում հարյուր կանգուն երկարություն և վաթսուն կանգուն լայնություն ունեցող աշտարակներ կանգնեցրեց։ 4 Դարպասները կառուցեց յոթանասուն կանգուն բարձրությամբ և քառասուն կանգուն լայնությամբ՝ իր մեծաքանակ զորքի և հետևակների գումարտակների ազատ ելքի համար։
5 Այն օրերին Նաբուքոդոնոսոր արքան պատերազմեց Արփաքսադ արքայի դեմ այն մեծ դաշտում, որ գտնվում է Հռագավի շրջանում։ 6 Նրան միացան լեռնային շրջանների բնակիչները և բոլոր նրանք, ովքեր բնակվում էին Եփրատ, Տիգրիս, Հյուդասպ գետերի շրջակայքում և ելիմացիների Արիովք արքային պատկանող դաշտավայրերում։ Այսպիսով, շատ ազգեր հավաքվեցին Քիղովթի որդիների դեմ պատերազմելու։ 7 Ապա ասորիների Նաբուքոդոնոսոր արքան բանբերներ առաքեց Պարսկաստանի բնակիչների, արևմուտքի բնակիչների, Կիլիկիայի, Դամասկոսի, Լիբանանի և ծովեզերքի բոլոր բնակիչների մոտ, 8 ինչպես նաև նրանց մոտ, ովքեր ապրում էին Կարմելոսում, Գաղաադում, Վերին Գալիլեայում և Հեզրայել մեծ դաշտում, 9 Սամարիայի քաղաքներում, Հորդանանի մյուս՝ մինչև Երուսաղեմ հասնող կողմում, նաև Բետանեում, Քեղուսում, Կադեսում և մինչև Եգիպտոսի գետը ընկած տարածքներում, ինչպես նաև Տափնասում, Ռամեսսեում ու ողջ Գեսեմ երկրում՝ 10 մինչև Մեմփիս և Տանիս, ինչպես և մինչև Եթովպիայի սահմանները բնակվող բոլոր եգիպտացիների մոտ։
11 Երկրի բոլոր բնակիչներն արհամարհեցին ասորեստանցիների Նաբուքոդոնոսոր թագավորի խոսքը և չմիացան նրան՝ պատերազմի գնալու, որովհետև նրանից չվախեցան, նրա բանբերներին էլ անարգեցին։ 12 Նաբուքոդոնոսոր արքան խիստ բարկացավ այդ երկրների վրա, իր թագավորությամբ և իր աթոռով երդվեց բոլորին սրով ոչնչացնելով՝ վրեժ լուծել Կիլիկիայի, Դամասկոսի, Ասորիքի, ինչպես նաև Մովաբի բնակիչներից, Ամմոնի որդիներից ու ողջ Հուդայի երկրից և բոլոր եգիպտացիներից՝ մինչև երկու ծովերի սահմանները։
13 Այս ամենից հետո տասնյոթերորդ տարում իր ողջ զորությամբ ելավ Արփաքսադ արքայի դեմ, հաղթեց ու կործանեց Արփաքսադի ողջ զորքը, նրա երիվարներն ու մարտակառքերը։ 14 Եվ տիրելով նրա քաղաքներին՝ հասավ մինչև Եկբատան, գրավեց նրա աշտարակները, տակնուվրա արեց նրա հրապարակներն ու գեղեցկությունը նախատինքի վերածեց։ 15 Բռնելով Արփաքսադին Հռագավի շրջանում՝ սպանեց նրան իր սրով։ 16 Եվ վերադարձրեց իր զորքն ու բոլոր այն մարտիկներին, որոնք մեծ բազմությամբ եկել էին իր հետ։ Ե՛վ ինքը, և՛ իր ողջ զորքը հարյուր քսան օր հանգստության և զվարճանքի մեջ էին։