Pular para o conteúdo
Publicidade

ՀՈՒԴԻԹ 2

1 Ասորեստանի Նաբուքոդոնոսոր թագավորը տասնութերորդ տարվա առաջին ամսվա տասներկուերորդ օրը ժողով հրավիրեց իր տանը՝ քննարկելու, թե ինչպե՛ս վրեժ լուծի բոլոր երկրներից։ 2 Կանչեց նա բոլոր մեծամեծերին և կուսակալներին, իր բերանով հայտնեց նրանց իր գաղտնի որոշումը՝ ոչնչացնելու երկրի բոլոր ազգերին, որոնք չէին ընդառաջել պատերազմի ելնելու իր հրավերին։ 3 Նրանց ներկայացրեց հարձակման իր ծրագիրը։ Եվ նրանք պատասխան տալով՝ ասացին. «Թող մեռնի թագավորին ընդդիմացող և նրա հրամանին չանսացող ամեն ոք»։

4 Այս ամենից հետո Ասորեստանի Նաբուքոդոնոսոր արքան կանչեց իր ողջ զորքի սպարապետ Հողեփեռնեսին և ասաց նրան. 5 «Այսպես է ասում մեծ արքան՝ ողջ երկրի տերը. դու պիտի ելնես իմ առջևից՝ վերցնելով քեզ հետ իրենց զորությանը վստահ անձեր՝ հարյուր քսան հազար հետևակ և տասներկու հազար հեծյալների բազմություն, 6 և գնաս արևմուտքի կողմերը, որովհետև այնտեղ իմ հրամանները արհամարհեցին։ 7 Նրանց կպատվիրես, որ ինձ հանձնեն երկիրն ու ջուրը, այլապես իմ բարկությամբ նրանց դեմ կելնեմ և ողջ երկիրը ոտնատակ կանեմ իմ զորքով և հափշտակության կտամ։ 8 Ձորերն ու ծործորները կլցվեն նրանց վիրավորներով, գետերը կհորդեն նրանց արյունով, 9 և ողջ երկրով մեկ նրանց գերության կմատնեմ։

10 Ե՛լ ուրեմն ինձնից առաջ, գրավի՛ր նրանց երկրները, և նրանք քեզ կհանձնվեն։ Սակայն թո՛ղ, որ ե՛ս նրանց պատժեմ։ 11 Նրանց, ովքեր չանսան, թող քո աչքը չխնայի, այլ հանձնի մահվան և հափշտակության այն ողջ տարածքում, որ քեզ հանձնարարեցի։ 12 Երդվում եմ իմ թագավորության իշխանությամբ, ինչ ասացի, կանեմ, 13 իսկ այն, ինչ հրամայեցի քեզ, զանց չառնես, այլ ինչպես որ ասացի, նույնությամբ կկատարես և չհապաղես»։

14 Եվ Հողոփեռնեսը ելավ իր տիրոջ մոտից, կանչեց իր մոտ Ասորեստանի բոլոր իշխաններին ու զորագլուխներին, 15 հաշվառեց պատերազմի ընտրյալներին, ինչպես հրամայել էր իր տերը՝ հարյուր քսան հազար հետևակ, և հեծելազոր աղեղնավորներ՝ տասներկու հազար, 16 և նրանց պատերազմի պատրաստեց։ 17 Եվ նա բազում ուղտեր ու գրաստներ առավ՝ կահ-կարասին վրան բառնալու, ինչպես նաև անթիվ-անհամար ոչխարներ, արջառներ և այծերի երամակներ՝ սննդի համար։ 18 Նրանց ճանապարհի համար պարեն տվեց, ինչպես նաև թագավորի տանից շատ ոսկի ու արծաթ։

19 Եվ ելավ պատերազմի ինքն ու ողջ զորքը, որպեսզի պատրաստեն թագավորի ելքը դեպի արևմուտքի բոլոր երկրներ զինակառքերով, հեծելազորով և ընտիր հետևակներով։ 20 Նրանց հետ կային մարախի բազմության ու երկրի ավազի չափ անթիվ դաշնակիցներ։ 21 Եվ գնացին նրանք երեք օրվա ճանապարհ՝ Նինվե քաղաքից մինչ Բեկտեղեթ դաշտը, և բանակեցին Վերին Կիլիկիայի ձախակողմյան լեռան մոտ։ 22 Եվ վերցնելով իր ողջ զորքը՝ հեծելազորը, հետևակն ու զինակառքերը՝ այնտեղից ելավ դեպի լեռնակողմը։ 23 Հարվածեց Փուդին ու Լուդին, թալանեց Հռասիսի ու Իսմայելի որդիներին, որոնք բնակվում էին անապատի դիմաց՝ Քեղովնից հարավ։ 24 Ապա անցավ Եփրատ գետը և մտավ Միջագետք, կործանեց Աբրովնի ձորից մինչև ծովեզերքն ընկած բոլոր քաղաքները, 25 գրավեց Կիլիկիայի տարածքները՝ ոչնչացնելով իր բոլոր դիմադիրներին, իսկ հարավում եկավ հասավ Հաբեթի սահմանները, որն Արաբիային դեմ հանդիման է։ 26 Պաշարեց Մադիամի բոլոր որդիներին, կրակի տվեց նրանց բոլոր վրաններն ու ավերեց, քանդեց նրանց ոչխարների բոլոր գոմերը։

27 Եվ իջավ նա Դամասկոսի դաշտը, ցորենի հնձի ժամանակ կրակի տվեց ողջ անդաստաններն ու ագարակները, ոչնչացրեց նաև նրանց ոչխարներն ու նախիրները, ավերեց նրանց քաղաքները, կոտորեց նրանց մանուկներին և սրով սպանեց նրանց երիտասարդներին։ 28 Եվ ահ ու երկյուղ ընկավ ծովեզերքի՝ Տյուրոսի, Սիդովնի, ինչպես նաև Սուրի, Իկինայի, Հեմնանի բնակիչների վրա, նաև նրանց վրա, ովքեր բնակվում էին Ազովտոսում և Ասկաղոնում։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também