Ոչխարների ավազանի անդամալույծի բժշկումը
1 Դրանից հետո հրեաների տոնն էր, և Հիսուսը Երուսաղեմ գնաց։ 2 Եվ Երուսաղեմում՝ Ոչխարների ավազանի՝ Պրոբատիկեի մուտքի մոտ, մի տեղ կար, որ եբրայերեն անվանվում էր Բեթհեզդա, որ հինգ սրահ ուներ։ 3 Դրա մեջ պառկած էր հիվանդների, կույրերի, կաղերի և գոսացածների մի մեծ բազմություն, որ սպասում էին ջրերի խառնվելուն։ 4 Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր ավազանն ու ջրերը խառնում. ով ջրերի խառնվելու ժամանակ առաջինն էր իջնում, բժշկվում էր՝ հիվանդությունից նշան անգամ չպահելով։
5 Այնտեղ կար մի մարդ, որ երեսունութ տարուց ի վեր հիվանդ էր։ 6 Երբ Հիսուսը տեսավ, որ նա պառկած ընկած է, և իմացավ, որ դա երկար ժամանակ է, նրան ասաց. «Կամենո՞ւմ ես առողջանալ»։ 7 Հիվանդը պատասխանեց նրան. «Տե՛ր, ոչ ոք չունեմ, որ երբ ջրերը խառնվեն, ինձ ավազանի մեջ իջեցնի. և մինչ ես դանդաղում եմ, մեկ ուրիշն ինձնից ավելի առաջ է իջնում»։ 8 Հիսուսը նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛»։ 9 Եվ մարդն առողջացավ. վեր կացավ, վերցրեց իր մահիճը և ման էր գալիս։ Օրը շաբաթ էր։