Pular para o conteúdo
Publicidade

ՂՈՒԿԱՍ 24

Հիսուսի երևումները

13 Եվ ահա նույն օրը աշակերտներից երկուսը գնում էին մի գյուղ, որի անունն Էմմավուս էր, և որը Երուսաղեմից հեռու էր վաթսուն ասպարեզով։ 14 Եվ նրանք միմյանց հետ խոսում էին կատարված բոլոր անցուդարձերի մասին։ 15 Եվ մինչ նրանք խոսում էին ու վիճում, ինքը՝ Հիսուսը, մոտեցավ ու գնում էր նրանց հետ։ 16 Բայց նրանց աչքերը փակ էին՝ նրան չճանաչելու աստիճան։ 17 Եվ Հիսուսը նրանց ասաց. «Այդ ի՞նչ բաներ են, որոնց համար քայլելիս վիճում եք միմյանց հետ և տրտմած եք»։ 18 Նրանցից մեկը, որի անունը Կղեոպաս էր, ասաց նրան. «Երուսաղեմում միայն դո՛ւ ես, որ չես իմացել, թե ինչե՛ր կատարվեցին այնտեղ այս օրերին»։ 19 Եվ նրանց հարցրեց՝ ի՞նչ։ Եվ նրանք պատասխանեցին. «Հիսուս Նազովրեցու հետ պատահածի մասին, որ մարգարե էր, հզոր՝ թե՛ գործերով և թե՛ խոսքերով, Աստծու և ամբողջ ժողովրդի առաջ, 20 և թե ինչպես մեր քահանայապետները և իշխանավորները նրան մատնեցին մահվան դատաստանի ու խաչը հանեցին նրան։ 21 Մենք ակնկալում էինք, թե նա փրկելու է Իսրայելը։ Եվ այսքանը բավական չէ, այս երրորդ օրն է, որ այդ բաները կատարվեցին, 22 մեզ զարմացրին մեր միջից մի քանի կանայք, որոնք վաղ առավոտյան գերեզման էին գնացել 23 և նրա մարմինը չէին գտել։ Նրանք եկան և ասացին, թե մի տեսիլք էին տեսել՝ հրեշտակների, որոնք ասում էին նրա մասին, թե կենդանի է։ 24 Ապա մեզնից ոմանք գերեզման գնացին և գտան այնպես, ինչպես կանայք էին ասել։ Բայց նրան չտեսան»։ 25 Եվ Հիսուսն ասաց նրանց. «Ո՛վ անմիտ և թուլասիրտ մարդիկ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, որ ասացին մարգարեները։ 26 Չէ՞ որ Քրիստոսը պետք է նույն այդ չարչարանքները կրեր և այնպես մտներ իր փառքի մեջ»։ 27 Եվ սկսած Մովսեսից ու բոլոր մարգարեներից՝ մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրված է իր մասին Սուրբ Գրքում։ 28 Երբ մոտեցան այն գյուղին, ուր գնում էին, Հիսուսը պատճառ բռնեց, թե ինքը գնալու է ավելի հեռու տեղ։ 29 Իսկ նրանք շատ ստիպեցին նրան ու ասացին. «Մեզ մո՛տ գիշերիր, որովհետև երեկո է, և օրն էլ տարաժամել է»։ Եվ նա ներս մտավ՝ նրանց հետ այնտեղ գիշերելու։ 30 Եվ երբ նա սեղան նստեց նրանց հետ, հացը վերցնելով՝ օրհնեց, կտրեց այն և տվեց նրանց։ 31 Եվ նրանց աչքերը բացվեցին ու ճանաչեցին նրան, իսկ ինքը նրանց աչքին աներևույթ եղավ։ 32 Եվ նրանք ասացին միմյանց. «Մեր սրտերն էլ մի՞թե չէին ճմլվում մեր մեջ, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ, և ինչպե՜ս էր մեզ բացատրում Սուրբ Գիրքը»։ 33 Ապա անմիջապես վեր կացան ու Երուսաղեմ վերադարձան և հավաքված գտան տասնմեկին և նրանց հետ եղածներին, 34 որոնք ասում էին, թե՝ «Իսկապես հարություն առավ Տերը և երևաց Սիմոնին»։ 35 Իսկ երկուսը պատմեցին այն, ինչ պատահել էր ճանապարհին, և թե ինչպե՛ս Հիսուսն իրեն ճանաչել էր տվել նրանց՝ հաց կտրելու ժամանակ։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também