Ձկնորսներից՝ առաքյալներ
1 Եվ մինչ ժողովուրդը խռնվում էր նրա շուրջը՝ լսելու Աստծու խոսքը, նա կանգնած էր Գեննեսարեթի ծովակի ափին։ 2 Եվ տեսավ ծովակի եզերքին կանգնած երկու նավակներ, և ձկնորսները, դրանց միջից դուրս եկած, ուռկաններն էին լվանում։ 3 Նա մտավ նավակներից մեկի մեջ, որ Սիմոնինն էր, և խնդրեց, որ ցամաքից փոքր-ինչ հեռացնի այն. նստեց ու նավակի միջից ուսուցանում էր ժողովրդին։ 4 Եվ երբ դադարեց խոսելուց, ասաց Սիմոնին. «Քշի՛ր դեպի ծովի խորքերը, և ձեր ուռկանները գցե՛ք որսալու համար»։ 5 Սիմոնը պատասխանեց և ասաց նրան. «Վարդապե՛տ, այս ամբողջ գիշեր չարչարվեցինք և ոչինչ չբռնեցինք, բայց քո խոսքի համար ուռկանները կգցենք»։ 6 Երբ այդ արեցին, մեծ քանակությամբ ձկներ բռնեցին, այն աստիճան, որ նրանց ուռկանները պատռվում էին։ 7 Նրանք նշան էին անում մյուս նավակի մեջ եղող իրենց որսակիցներին, որ գան իրենց օգնելու։ Եվ նրանք եկան, ու երկու նավակներն էլ լցվեցին սուզվելու աստիճան։ 8 Երբ Սիմոն Պետրոսն այս տեսավ, Հիսուսի ծնկներին փաթաթվեց ու ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տե՛ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ». 9 քանզի վախը պատել էր նրան և բոլոր մարդկանց, որ նրա հետ էին, իրենց բռնած ձկների քանակի պատճառով. 10 նույնպես և Հակոբոսին և Հովհաննեսին՝ Զեբեդեոսի որդիներին, որոնք Սիմոնի որսակիցներն էին։ Եվ Հիսուսը Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր, այսուհետև դու մարդկա՛նց պիտի որսաս կյանքի համար»։ 11 Եվ նավակը ցամաք հանելով՝ թողեցին ամեն ինչ ու նրան հետևեցին։