24 Եվ երբ Հովհաննեսի պատգամաբերները գնացին, նա սկսեց ժողովրդին խոսել Հովհաննեսի մասին. «Ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք անապատ. քամուց շարժվող մի եղե՞գ։ 25 Հապա ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք. փափուկ զգեստներով զարդարված մի մա՞րդ. ահավասիկ նրանք, որ փառավոր զգեստներով են և փափուկ կենցաղով են ապրում, արքունիքներում են։ 26 Ապա ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք. մի մարգարե՞։ Այո՛, ասում եմ ձեզ, առավել քան մարգարեն, 27 որովհետև Հովհաննեսը նա է, որի մասին գրված է.
"Ահա քո առջևից ուղարկում եմ իմ պատգամաբերին,
որպեսզի քո առաջ քո ճանապարհը պատրաստի"(Մղք. 3.1)։
28 Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնվածների մեջ չկա ավելի մեծ մարգարե, քան Հովհաննեսը. բայց Աստծու արքայության մեջ ամենափոքրն ավելի մեծ է, քան նա»։
29 Ողջ ժողովուրդը, նաև մաքսավորները, լսելով, ընդունեցին Աստծու արդարությունը՝ մկրտվելով Հովհաննեսի մկրտությամբ։ 30 Իսկ փարիսեցիները և Օրենքի ուսուցիչները Հովհաննեսից չմկրտվելով՝ Աստծու խորհուրդն անարգեցին։