Երիքովցի կույրի բժշկումը
46 Եկան Երիքով։ Մինչ Հիսուսն իր աշակերտների և մեծ բազմության հետ դուրս էր գալիս Երիքովից, Տիմեի որդին՝ Բարտիմեոսը, որ կույր էր, ճանապարհի եզրին նստած՝ մուրում էր։ 47 Երբ լսեց, որ անցնողը Հիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել և ասել. «Դավթի՛ Որդի, Հիսո՛ւս, ողորմի՛ր ինձ»։ 48 Շատերը նրան սաստում էին, որ լռի, իսկ նա ավելի բարձր էր աղաղակում. «Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»։ 49 Հիսուսը կանգնեց և հրամայեց, որ նրան կանչեն։ Կույրին կանչեցին և ասացին նրան. «Քաջալերվի՛ր, վե՛ր կաց, կանչում է քեզ»։ 50 Նա, դեն նետելով իր վերնազգեստը, ոտքի կանգնեց, եկավ Հիսուսի մոտ։ 51 Հիսուսը խոսքն ուղղեց նրան և ասաց. «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար»։ Կույրը պատասխանեց նրան. «Ռաբբունի՛, որ աչքերս բացվեն»։ 52 Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, քո հավատը փրկեց քեզ»։ Նրա աչքերն իսկույն բացվեցին, և ճանապարհին նա գնում էր Հիսուսի հետևից։