Pular para o conteúdo
Publicidade

ՄԻՔԻԱ 3

Միքիայի ազդարարությունն Իսրայելի իշխաններին

1 Եվ կասի.

«Լսե՛ք, Հակոբի՛ տան իշխաններ և Իսրայելի՛ տան մնացորդներ։

Դուք չէ՞, որ պիտի իմանաք արդարադատությունը,

2 դուք, որ ատում եք բարին և չարիք եք փնտրում,

հեռացնում եք նրանցից իրենց մաշկը

և նրանց միսը՝ իրենց ոսկորներից»։

3 Ինչպես որ կերան իմ ժողովրդի միսը

և նրանց մաշկը քերթեցին նրանց վրայից,

նրանց ոսկորները փշրեցին

և կտրատեցին նրանց մարմինները՝

իբրև թե կաթսաների,

և նրանց միսը՝ իբրև թե պուտուկների մեջ եփելու համար,

4 այնպես էլ կաղաղակեն Տիրոջը,

բայց չի լսի նրանց

և իր երեսը կդարձնի նրանցից այն ժամանակ,

քանի որ նրանց չարչարեցին իրենց գործերով։

Ընդդեմ այն մարգարեների, որոնք մոլորեցնում են Իսրայելին

5 Այսպես է ասում Տերն այն մարգարեների համար,

որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին,

որոնք կծոտում են իրենց ատամներով

և խաղաղություն են քարոզում նրան,

սակայն ոչինչ չդրվեց նրանց բերանը,

և պատերազմ հարուցեցին նրանց դեմ։

6 Դրա համար տեսիլքի փոխարեն գիշեր կլինի ձեզ համար,

և խավար կլինի ձեզ համար գուշակության փոխարեն.

արեգակը մայր կմտնի մարգարեների վրա,

և ցերեկը կխավարի նրանց վրա։

7 Երազատեսները կամաչեն, գուշակները կծաղրվեն,

և բոլորը կբամբասեն նրանց,

որովհետև չի լինի մեկը, որ լսի նրանց։

8 Բայց ես զորությամբ լցվեցի Տիրոջ Հոգով,

արդարադատությամբ և կարողությամբ՝

Հակոբին հայտնելու իր ամբարշտությունները և Իսրայելին՝ իր մեղքերը։

Միքիան կանխատեսում է Իսրայելի կործանումը

9 Լսե՛ք սա, Հակոբի՛ տան առաջնորդներ

և Իսրայելի՛ տան մնացորդներ,

որ անարգում եք արդարադատությունը

և շեղում եք բոլոր արդարներին,

10 որ Սիոնն արյամբ եք կառուցում

և Երուսաղեմը՝ անիրավությամբ։

11 Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում,

նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս,

նրա մարգարեներն արծաթով էին հայտնում գուշակությունները

և Տիրոջն էին ապավինում և ասում.

«Մի՞թե Տերը մեզ հետ չէ. մեզ վրա չարիք չի գա»։

12 Դրա համար Սիոնը ձեր պատճառով կհերկվի արորով,

Երուսաղեմը կլինի մրգապահների հյուղակի պես,

իսկ տաճարի լեռը՝ մայրիների անտառի նման։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também