Pular para o conteúdo
Publicidade

ԶԱՔԱՐԻԱ 8

Տերը խաղաղություն և բարօրություն է խոստանում Սիոնին

1 Եվ Ամենակալ Տիրոջ խոսքը եղավ ինձ և ասաց.

2 «Այսպես է ասում Ամենակալ Տերը.

"Ամբողջովին մեծ նախանձախնդրությամբ լցվեցի Երուսաղեմի և Սիոնի համար

և մեծ բարկությամբ նախանձախնդիր եղա նրա համար"։

3 Այսպես է ասում Տերը.

"Կվերադառնամ Սիոն և կբնակվեմ Երուսաղեմում.

Երուսաղեմը կկոչվի ճշմարիտ քաղաք,

և Ամենակալ Տիրոջ լեռը՝ սուրբ լեռ"։

4 Այսպես է ասում Ամենակալ Տերը.

"Երուսաղեմի հրապարակներում դարձյալ կնստեն ծերունիներ ու պառավներ,

յուրաքանչյուրն իր ձեռքին ցուպ՝

մեծ տարիքի պատճառով։

5 Քաղաքի հրապարակները կլցվեն պատանիներով և աղջիկներով,

որ խաղան նրա հրապարակներում"։

6 Այսպես է ասում Ամենակալ Տերը.

"Եթե անհնարին բան լինի այդ ժողովրդի մնացորդների առջև

այդ օրերին, մի՞թե իմ առջև էլ անհնարին բան կլինի",-

ասում է Ամենակալ Տերը։

7 Այսպես է ասում Ամենակալ Տերը.

"Ահա ես փրկում եմ իմ ժողովրդին

արևելքի երկրից և արևմուտքի երկրից.

8 նրանց կբերեմ ու կբնակեցնեմ Երուսաղեմում,

և ինձ համար ժողովուրդ կլինեն,

և ես կլինեմ նրանց համար Աստված՝ ճշմարտությամբ և արդարությամբ"։

9 Այսպես է ասում Ամենակալ Տերը.

"Թող զորանան ձեր ձեռքերը,

որ այս օրերին լսում եք մարգարեների բերաններից այս խոսքերն այն օրվանից,

երբ Ամենակալ Տիրոջ տան հիմքը գցեցիք,

և երբ այս տաճարը շինվեց։

10 Քանի որ այն օրերից առաջ մարդկանց վարձելն օգուտ չէր,

անասուններ վարձելն էլ հարգի չէր,

և ելնողի ու մտնողի համար չկար խաղաղություն նեղության պատճառով.

կուղարկեմ բոլոր մարդկանց,

յուրաքանչյուրին իր ընկերոջ դեմ։

11 Բայց արդ նախկին օրերի նման ես չեմ անի այդ ժողովրդի մնացորդներին,-

ասում է Ամենակալ Տերը,-

12 այլ խաղաղություն ցույց կտամ։

Այգին կտա իր պտուղը,

հողը կտա իր բերքը,

երկինքը կտա իր ցողը,

և այդ ամենը ժառանգություն կտամ իմ ժողովրդի մնացորդներին։

13 Եվ կլինի,

ինչպես որ անեծք էիք ազգերի մեջ,

Հուդայի՛ տուն և Իսրայելի՛ տուն,

նույնպես կփրկեմ ձեզ, և կլինեք օրհնություն.

քաջալերվե՛ք, և թող զորանան ձեր ձեռքերը"։

14 Քանի որ այսպես է ասում Ամենակալ Տերը.

"Ինչպես խորհեցի ձեզ չարչարել,

երբ ձեր հայրերը բարկացրին ինձ,-

ասում է Ամենակալ Տերը,- և չզղջացի,

15 նույնպես պատրաստվում ու խորհում եմ

այս օրերին բարիք անել Երուսաղեմին և Հուդայի տանդ.

քաջալերվե՛ք։

16 Այս բաներն են, որ պիտի անեք.

խոսե՛ք ճշմարտությունը, յուրաքանչյուրն իր ընկերոջը,

խաղաղությա՛ն դատաստան և արդա՛ր դատ արեք ձեր դռների առաջ.

17 թող յուրաքանչյուրն իր սրտում չարիք չխորհի իր ընկերոջ համար.

մի՛ սիրեք սուտ երդումը,

որովհետև ատեցի այդ ամենը",-

ասում է Ամենակալ Տերը»։

Պահեցողության օրերը պիտի դառնան տոնի օրեր

18 Ամենակալ Տիրոջ խոսքը եղավ ինձ, և ասաց.

19 «Այսպես է ասում Ամենակալ Տերը.

"Չորրորդ պահքը

և հինգերորդ պահքը,

յոթերորդ պահքը

և տասներորդ պահքը

թող Հուդայի տանդ համար լինեն խնդություն, ուրախություն և բարության տոներ.

ուրա՛խ եղեք և սիրե՛ք ճշմարտությունն ու խաղաղությունը"։

20 Այսպես է ասում Ամենակալ Տերը.

"Դարձյալ կգան շատ ժողովուրդներ և բազում քաղաքների բնակիչներ,

21 և մեկի բնակիչները կհավաքվեն մյուս քաղաքում և կասեն.

"Գնանք աղաչելու Տիրոջ առջև և փնտրելու Ամենակալ Աստծու երեսը". ես էլ կգնամ։

22 Շատ ժողովուրդներ կգան՝

փնտրելու Ամենակալ Տիրոջ երեսը Երուսաղեմում

և Տիրոջ հետ հաշտություն գտնելու"։

23 Այսպես է ասում Ամենակալ Տերը.

"Այն օրերին, եթե ազգերի բոլոր լեզուներից տասը տղամարդիկ բռնեն,

կբռնեն հրեա տղամարդու քղանցքից ու կասեն.

"Մենք կգանք քեզ հետ,

որովհետև լսեցինք, որ Աստված քեզ հետ է"»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também