Փղշտացիների կործանումը
Այլազգիների մասին
1 47.1-7-ը = հուն. 29.1-7-ին։ Տիրոջ խոսքն այլազգիների մասին՝ ուղղված Երեմիա մարգարեին, երբ փարավոնը դեռ չէր ավերել Գազան։
2 Այսպես է ասում Տերը.
«Ահավասիկ ջրեր են բարձրանում հյուսիսից,
որոնք, հորդահոս հեղեղների վերածվելով,
պիտի ողողեն երկիրն ամբողջությամբ,
քաղաքն իր բնակիչներով։
Պիտի գոչեն մարդիկ,
և երկրի բոլոր բնակիչները աղաղակ պիտի բարձրացնեն
3 ասպատակող հեծելազորի զենքերի ու ոտքերի ձայնից,
նրա կառքերի շաչյունից
և դրանց անիվների շառաչից։ Հայրերը չպիտի դառնան դեպի իրենց որդիները,
որովհետև նրանց ձեռքերը պիտի թուլանան
4 այն օրը, որը վրա է հասնելու
բոլոր այլազգիներին կորստյան մատնելու համար։
Կորստյան պիտի մատնեմ նաև Ծուրն ու Ծայդանը [𝕸 և Ο΄ Տյուրոսն ու Սիդովնը]
և նրանց մյուս բոլոր օգնականներին»։
Տերը ոչնչացնելու է կղզիներում և Գամիրքում մնացած այլազգիներին։
5 Գազայում այնպիսի սուգ պիտի լինի,
որ մարդիկ խուզեն իրենց գլուխները,
Ասկաղոնը պիտի ոչնչանա,
ինչպես և Ենակի որդիների մնացորդները։ Մինչև ե՞րբ պիտի կոտորես,
6 դու, Տիրո՛ջ սուր,
մինչև ե՞րբ դադար չպիտի առնես,
վերադարձի՛ր քո պատյանը,
հանգի՛ստ առ, հե՛տ կանգնիր։
7 Ինչպե՞ս դադար առնի նա.
չէ՞ որ Տերը հրամայեց նրան հարձակվել Ասկաղոնի և նրանց վրա,
ովքեր մնացել էին ծովեզերքին։