Pular para o conteúdo
Publicidade

ԹՎԵՐ 36

Կանանց ժառանգության հարցը

1 Հովսեփի որդիներից Մանասեի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդիների ցեղի իշխանները, դիմելով Մովսեսին, Եղիազար քահանային ու Իսրայելի որդիների նահապետական տների իշխաններին, 2 ասացին. «Տերը մեր տիրոջը՝ Մովսեսին հրամայել է, որ վիճակ գցելով՝ քանանացիների երկիրը ժառանգություն տա Իսրայելի որդիներին։ Տերը մեր տիրոջը հրամայել է նաև, որ մեր եղբայր Սաղպաադի բաժինը տրվի նրա դուստրերին։ 3 Արդ, եթե նրանք ամուսնանան Իսրայելի մեկ այլ ցեղի տղամարդկանց հետ, ապա նրանց վիճակը պիտի անջատվի՞ իրենց հոր կալվածքից և ավելանա այն ցեղի ժառանգության վրա, որոնց կնության կգնան։ Այսպիսով մեր ժառանգությունից այդ բաժինը պիտի վերցվի՞։ 4 Եվ երբ գա Իսրայելի որդիների հոբելյանական տարին, նրանց ժառանգությունը վերջնականապես կգումարվի՞ այն ցեղի ժառանգության վրա, որոնց կնության են գնացել, որով մեր ցեղի ժառանգությունից նրանց բաժին ընկած ժառանգության մասը պիտի վերանա՞»։

5 Մովսեսը Տիրոջ հրամանով Հովսեփի որդիների ասածի մասին Իսրայելի որդիներին ասաց. 6 «Սաղպաադի դուստրերի մասին Տերը այս հրամանն է տվել և ասել. "Նրանք թող ամուսնանան այն տղամարդկանց հետ, որոնք իրենց աչքին հաճելի կթվան՝ պայմանով, որ այդ տղամարդիկ իրենց հայրական ցեղից լինեն։ 7 Իսրայելի որդիների ժառանգությունը ցեղից ցեղ թող չանցնի, որպեսզի Իսրայելի որդիներից յուրաքանչյուրն ի՛ր ցեղի հայրենի ժառանգությանը կապվի։ 8 Իսրայելի որդիների որևէ ցեղից ժառանգություն ստացած ամեն մի աղջիկ թող դառնա իր հայրական ցեղին պատկանող որևէ տղամարդու կինը, որպեսզի Իսրայելի որդիները պահպանեն իրենց հայրենի ժառանգությունը։ 9 Ժառանգության բաժինը մի ցեղից մյուսը չպետք է անցնի, Իսրայելի որդիներից յուրաքանչյուրը պետք է կապվի իր ժառանգությանը"»։

10 Եվ Տերն ինչպես հրամայել էր Մովսեսին, Սաղպաադի դուստրերն այդպես էլ արեցին։ 11 Թերսան, Եգղան, Մեղքան, Նուան և Մաաղան՝ Սաղպաադի դուստրերը, ամուսնացան իրենց հորեղբայրների որդիների հետ։ 12 Նրանք Հովսեփի որդիներից Մանասեի ցեղի տղամարդկանց կանայք դարձան, և նրանց ժառանգությունը մնաց իրենց հոր ազգատոհմին։

13 Սրանք են այն պատվիրանները, օրենքներն ու դատաստանները, որ Տերը Մովաբի արևմտյան մասում՝ Հորդանանի եզերքին, Երիքովի դիմաց, տվեց Մովսեսի միջոցով։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também