Pular para o conteúdo
Publicidade

Եսայի 57

Մեղադրանքներ կռապաշտներին

1 «Տեսե՛ք, ինչպե՜ս կորավ արդարը, և չկա մեկը, որ սրտին մոտ ընդունի.

արդար մարդիկ վերանում են,

և ոչ ոք ուշադրություն չի դարձնում,

որ արդարն անիրավության պատճառով է վերանում։

2 Թող խաղաղ լինի նրա գերեզմանը,

ով վերացավ մեջտեղից։

3 Բայց դուք մոտեցե՛ք, առա՛ջ եկեք,

անօրե՛ն որդիներ,

պոռնկածի՛ն որդիներ, շնությա՛ն որդիներ։

4 Ինչո՞վ եք գոռոզանում,

ո՞ւմ վրա եք բացում ձեր բերանները

և կամ ո՞ւմ վրա եք հանում ձեր լեզուները.

մի՞թե դուք կորստյան որդիներ չեք,

անօրենության սերունդ,

5 որ սաղարթախիտ ծառերի տակ ընկած՝

աղաչում էիք ձեր կուռքերին,

անդունդներում՝ ժայռերի կատարներին, և խոր ձորերում

զոհում էիք ձեր որդիներին։

6 Այդ է քո բաժինը, այդ նույնն է քո վիճակը.

նրանց առաջ խմելու ընծա թափեցիր,

նրանց զոհեր մատուցեցիր,

և այս ամենի վրա մի՞թե չեմ բարկանալու,- ասում է Տերը։

7 Այնտեղ՝ բարձր ու մեծ լեռան վրա է քո անկողինը,

և դու այնտեղ ելար զոհեր մատուցելու։

8 Ապա դռների դրանդիների հետևում հաստատեցիր քո հիշատակները։

Կարծում էիր՝ եթե ինձնից հեռանաս,

ավելի՞ բան պիտի գտնես։

Քո անկողինները լայնացրիր և փռվեցիր դրանց վրա.

սիրեցիր քո հոմանիներին

9 և հաճախակի դարձրիր քո պոռնկությունը նրանց հետ։

Հեռավորներից շատերին քե՛զ կապեցիր

և պատգամաբերներ ուղարկեցիր քո սահմաններից դուրս։

Նկուն դարձար ու գերեզման իջար,

10 հոգնատանջ եղար քո բազում ճանապարհորդություններից

և չասացիր. "Այժմ հանգստանամ",

որովհետև ուժիդ համեմատ էիր գործում,

դրա համար էլ չհնազանդվեցիր ինձ։

11 Ո՞ւմից վախեցար ու զարհուրեցիր,

որ ստեցիր և չհիշեցիր ինձ,

միտքդ չբերեցիր, սրտիդ մեջ չդրեցիր,

իսկ ես քեզ տեսա ու անտեսեցի։

Ես այն եմ, որ հավիտենական եմ,

իսկ դու ինձնից չվախեցար։

12 Արդ, ես պիտի պատմեմ իմ արդարության և քո չարիքների մասին,

որոնք քեզ չեն օգնելու,

13 երբ աղաղակես,

և քեզ չեն փրկելու քո նեղությունից.

դրանց բոլորին հողմերը պիտի տանեն

և մրրիկները բաժան-բաժան պիտի անեն։

Իսկ նրանք, ովքեր ինձ վրա են հույս դրել,

պիտի ստանան երկիրը և ժառանգեն իմ սուրբ լեռը։

Խաղաղություն հեռավորներին և մերձավորներին

14 Նրանք պիտի ասեն.

"Նրա առաջ բացե՛ք ճանապարհները,

խոչ ու խութերը հեռացրե՛ք իմ ժողովրդի ճանապարհից"»։

15 Այսպես է ասում Բարձրյալը,

որ հավիտենապես բնակվում է բարձունքներում,

Սուրբը սրբերի մեջ.

նրա անունը Բարձրյալ է,

և նա սրբերի մեջ է հանգչում,

համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին

և կյանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։

16 Ես հավիտյան վրեժխնդիր չեմ լինելու ձեզնից

և ոչ էլ մշտապես բարկանալու եմ ձեզ վրա,

քանզի հոգին ինձնից է բխում,

և ամեն շունչ ես եմ ստեղծել։

17 Մեղքի պատճառով սակավ ժամանակ տրտմություն հասցրի նրան,

հարվածեցի նրան ու իմ երեսը շրջեցի նրանից,

և նա տրտմեց ու իմ առաջ թախծելով՝ գնաց իր ճանապարհները։

18 Ես տեսա նրա սրտի ճանապարհները և բժշկեցի նրան,

սփոփեցի ու ճշմարիտ մխիթարություն տվեցի նրան։

Նրա սգավորների համար պտուղ ստեղծեցի։

19 Թող խաղաղություն, խաղաղություն լինի

հեռավորներին և մերձավորներին,- ասում է Տերը,-

ու ես պիտի բժշկեմ նրանց։

20 Իսկ անօրենները պիտի ալեկոծվեն և հանգիստ չգտնեն,

ու նրա ջրերը պիտի անհետանան՝ կոխկրտվելով ու կավի հետ խառնվելով։

21 Ամբարիշտների համար խաղաղություն չկա»,-

ասում է Տերը։

Todos os capítulos de Եսայի 66
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.