Pular para o conteúdo
Publicidade

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 10

Երկրի իշխանությունը Տիրոջից է

1 Իմաստուն դատավորը խրատում է իր ժողովրդին, խելամիտ մարդու իշխանությունը կարգավորված է լինում։

2 Ինչպիսին ժողովրդի իշխանն է, այնպիսին նրա սպասավորներն են, ինչպիսին քաղաքի առաջնորդն է, այնպիսին՝ նրա բնակիչները։

3 Տգետ թագավորը կորստյան է մատնում իր ժողովրդին. քաղաքը կառուցվում է հզորների իմաստությամբ։

4 Երկրի իշխանությունը Տիրոջ ձեռքին է. նա է ժամանակին արժանի մարդուն բարձրացնում իշխանության։

5 Տիրոջ ձեռքին է մարդու հաջողությունը. նա է իր փառքը դնում օրենսգետի վրա։

6 Մերձավորիդ նկատմամբ ոխ մի՛ պահիր նրա բոլոր մեղանչումների պատճառով և թշնամական արարքներ մի՛ գործիր նրա դեմ։

7 Ամբարտավանությունը ատելի է թե՛ Տիրոջը և թե՛ մարդկանց. դա երկուսի համար էլ անիրավություն է։

8 Թագավորությունն անցնում է մի ազգից մյուսին անիրավության, թշնամանքի և ընչաքաղցության պատճառով։

9 Ինչո՞ւ է հպարտանում մարդը, որ հող է ու մոխիր։

10 Դեռևս կենդանի՝ թափվում է նրա փորոտիքը։

11 Բժիշկը կարճացնում է երկարատև ցավերը։

12 Թագավորն այսօր կա, իսկ վաղը վախճանվում է։

13 Երբ մարդը մեռնում է, սողուններ, ճիճուներ և որդեր է ժառանգում։

14 Մարդու ամբարտավանության սկիզբը նրա ապստամբելն է Տիրոջ դեմ, նրա սրտի ստահակությունն իր Արարչի դեմ։

15 Մեղքի սկիզբը ամբարտավանությունն է. ով ունի այն, նրանից պղծություն պիտի ժայթքի։

16 Դրա համար էլ Տերը նրան սարսափելի հարվածներ հասցրեց և իսպառ կործանեց նրան։

17 Տերը ջախջախեց իշխանների աթոռները և նրանց փոխարեն հեզերին նստեցրեց։

18 Տերն արմատախիլ արեց հեթանոսներին և նրանց փոխարեն խոնարհներին տնկեց։

19 Տերը քարուքանդ արեց ժողովուրդների բնակավայրերը և դրանք կորստյան մատնեց մինչև հիմքերը։

20 Կործանեց և կորստյան մատնեց դրանք, և դրանց հիշատակը վերացրեց երկրից։

Տերը մեծարում է արժանավորին

22 Ամբարտավանությունը մարդկանց համար չի հաստատված, և ոչ էլ զայրալից բարկությունը՝ կանանցից ծնվածների համար։

23 Ո՞վ է մարդու պատվական զավակը. նա, ով երկնչում է Տիրոջից։ Ո՞վ է մարդու անարգ զավակը. նա, ով զանց է առնում Տիրոջ պատվիրանները։

24 Բազում եղբայրների մեջ ավագն է պատվականը, իսկ Տիրոջ աչքում՝ իրենից երկնչողները։

25 Հարուստ լինի, անվանի թե աղքատ, նրա պարծանքը Տիրոջ երկյուղն է։

26 Արդարացի չէ իմաստուն աղքատին անպատվելը, և օրինավոր չէ անարդար մարդուն պատվելը։

27 Հարուստը, դատավորը և իշխանը գովաբանվում են, սակայն նրանցից և ոչ մեկը մեծ չէ նրանից, ով երկնչում է Տիրոջից։

28 Իմաստուն ծառային ազատներն են սպասավորում, և խելամիտ մարդը չի տրտնջում դրա համար։

29 Քո գործը կատարելու համար մի՛ պերճաբանիր և մեծություն մի՛ ծախիր քո նեղության ժամանակ։

30 Ավելի լավ է նա, ով փողոց է մաքրում, քան նա, ով սիգալով ճեմում է, բայց մնում է հացի կարոտ։

31 Որդյա՛կ, հեզությա՛մբ փառավորիր քո հոգին և նրան պատի՛վ տուր ըստ իր արժանիքների։

32 Ո՞վ կարդարացնի նրան, որ մեղանչում է իր հոգու մեջ, կամ ո՞վ կփառաբանի նրան, որ անարգում է իր կյանքը։

33 Աղքատը մեծարվում է իր իմաստության համար, իսկ հարուստը փառաբանվում իր հարստության համար։

34 Ով իմաստությամբ փառավորվում է հարստության մեջ, որքա՜ն ևս կփառավորի աղքատության մեջ, իսկ նա, ով չի մեծարվում աղքատության մեջ, առավել ևս չի մեծարվի հարստության մեջ։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também