Pular para o conteúdo
Publicidade

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 38

Ժամանակ իրեն պահելու մասին

15 Ով մեղանչում է իր Արարչի առջև, նա կընկնի բժշկի ձեռքը։

16 Որդյա՛կ, մեռյալի վրա արտասո՛ւք թափիր և սկսի՛ր ողբալ, իբր թե նա վնաս է կրել, և ըստ օրենքի՝ պատի՛ր նրա մարմինը ու մի՛ անտեսիր նրա թաղումը։

17 Դառնորեն լա՛ց եղիր, աղի արցո՛ւնք թափիր 18 և ըստ նրա արժանիքի՝ սգա՛ մեկ-երկու օր՝ պարսավանքից խուսափելու համար, և ապա մխիթարվի՛ր տրտմությունից, 19 քանզի տրտմությունից մահ է լինում, և սրտի տրտմությունը թուլացնում է ուժը։

20 Հարվածների հետ գալիս է նաև տրտմությունը, և աղքատի կյանքը սիրտ է մաշում։

21 Քո սիրտը մի՛ տուր տրտմության, վանի՛ր այն, հիշի՛ր վախճանը։

22 Մի՛ մոռացիր, որ վերադարձ չկա, վախճանվածին օգուտ չես բերի և դու ինքդ կչարչարվես։

23 Հիշի՛ր իմ դատաստանը, քանզի այդպես է լինելու և քոնը. իմը՝ երեկ, և քոնը՝ այսօր։

24 Մեռյալի հանգչելուց հետո հանգի՛ստ թող նրա հիշատակը և մխիթարվի՛ր, որ նա ավանդել է իր հոգին։

Օրենսգետի առավելությունը արհեստավորից

25 Օրենսգետի իմաստությունը ձեռք է բերվում հանգստի հաճելի ժամին, և ով մի բանի կարիք ունի, ջանք կթափի և կիմաստնանա։

26 Ինչպե՞ս կարող է իմաստնանալ նա, ով աշխատում է մաճով, պարծենում է խթանի ցուպով, եզներ է քշում, զբաղվում է իր գործերով, և նրա զրույցն իր որդիների հետ հորթերի մասին է։

27 Նրա սիրտը զբաղված է լինում ակոս բացելով, և նրա հոգսը հորթերին կերակրելն է։

28 Այդպես են նաև ամեն հյուսն և ճարտարապետ, որոնք գիշերն անցկացնում են իբրև ցերեկ, նաև նրանք, ովքեր արձաններ են քանդակում. նրանցից յուրաքանչյուրի զբաղմունքը ձևերի բազմազանություն ստեղծելն է։ Ամեն մեկն իր սիրտը տալիս է պատկերներ նմանեցնելուն, և նրա հոգսը իր գործն ավարտելն է։

29 Այդպես է և դարբինը, որ նստում է սալի մոտ և մտածում երկաթե առարկայի մասին. տաք գոլորշին մաշում է նրա մարմինը, և նա ոգորում է հնոցի տապի դեմ։

30 Մուրճի ձայնը խլացնում է նրա ականջը, իսկ նրա աչքի առաջ միշտ պատրաստվող անոթի նմանությունն է։

31 Նրա սիրտը ձգտում է գործի ավարտին, և ավարտելիս նրա մտահոգությունը այն բարեզարդելն է։

32 Այդպես է և բրուտը, որ նստած իր գործն է անում և ոտքով պտտում է դուրգը. նա իր գործի համար տևապես հոգսի մեջ է, և նրա ամբողջ աշխատանքը կապված է հաշվարկի հետ։

33 Իր բազկով նա ձև է տալիս կավին և ոտքով մեղմում նրա պնդությունը։

34 Նրա սիրտը ձգտում է ավարտել ծեփը, և նրա հոգսը թրծարանը մաքրելն է։

35 Նրանք բոլորն էլ վստահ են իրենց ձեռքերի վրա, և յուրաքանչյուրը հմուտ է իր գործի մեջ։

36 Առանց սրանց քաղաք չի կառուցվի, մարդիկ չեն բնակվի այնտեղ և չեն շրջի,

37 բայց սրանց ժողովարան չեն հրավիրում,

38 սրանք դատավորի աթոռին չեն նստում, արդարության և իրավունքի մասին դատողություն չեն անում, չեն արդարացնում, չեն մեղադրում և չեն զբաղվում առակներով։

39 Սրանք միայն այս աշխարհի շինվածքն են ամրացնում, և սրանց աղոթքը միայն իրենց արհեստի համար է։ Բայց այդպես չէ նա, ով իր անձը նվիրում և խորհրդածում է Բարձրյալի մասին։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também