Pular para o conteúdo
Publicidade

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 24

Գովք իմաստության

1 Իմաստությունը կգովի իրեն և պիտի պարծենա իր ժողովրդի մեջ։

2 Բարձրյալի ժողովարանում պիտի բացի իր բերանը և նրա զորության առջև պարծենա.

5 «Ես դուրս ելա Բարձրյալի բերանից և մշուշի նման ծածկեցի երկիրը։

7 Ես բնակվեցի բարձունքներում, և իմ Աթոռը ամպի սյան մեջ է։

8 Միայն ես պտտվեցի երկնքի ծիրով մեկ, գնացի անդունդների խորքերը,

9 իշխեցի ծովի ալիքներին,

10 բոլոր երկրներին և բոլոր ժողովուրդներին ու ազգերին։

11 Այս բոլորի մեջ փնտրեցի հանգիստ և այն երկիրը, որտեղ ես հանդարտվեմ։

12 Այն ժամանակ բոլորի Արարիչը պատվիրեց ինձ, և նա, ով ստեղծեց ինձ, ցույց տվեց իմ խաղաղության խորանը։

13 Նա ասաց. "Դու բնակվի՛ր Հակոբի տոհմի մեջ և Իսրայելի մեջ ժառանգությո՛ւն ստացիր"։

14 Սկզբից՝ հավիտենությունից առաջ, Տերն ստեղծեց ինձ, և ես հավիտյան չեմ նվազելու։

15 Ես պաշտամունք մատուցեցի նրա սուրբ խորանի առջև, ապա հաստատվեցի Սիոնի մեջ. Տերը նույնպես բնակեցրեց ինձ սուրբ քաղաքում, և իմ իշխանությունը Երուսաղեմի մեջ է։

16 Ես արմատավորվեցի փառավոր ժողովրդի մեջ, Տիրոջ բաժնում՝ նրա ժառանգության մեջ։

17 Բարձրացա Լիբանանի նոճու պես և Ահերմոնի լեռների դափնու նման։

18 Բարձրացա, ինչպես արմավենին Ենգադիում և ինչպես վարդենու տունկը՝ Երիքովի մեջ։

19 Բարձրացա դաշտի վայելուչ ձիթենու պես, բարձրացա սոսու նման։

20 Վրանում բուրեցի իբրև կինամոն և խնկի ծառ,

21 իբրև քաղբան, խունկ, ստաշխ և իբրև կնդրուկի անուշ հոտ։

22 Բևեկնի նման արձակեցի իմ ոստերը, և իմ ոստերը փառքի ու շնորհների ոստեր են։

23 Ես իբրև այգի շնորհներ եմ բխում, և իմ ծաղիկները փառքի և հարստության պտուղներ են։

26 Մոտեցե՛ք ինձ ամենքդ, որ ցանկանում եք ինձ, և ճաշակե՛ք իմ արմատներից,

27 քանզի իմ հիշատակը մեղրից քաղցր է, և իմ ժառանգությունն ավելի քաղցր է, քան մեղրի խորիսխը։

29 Ովքեր ուտեն ինձ, տակավին քաղցած պիտի մնան, և ովքեր ըմպեն ինձ, տակավին պիտի ծարավեն։

30 Ով ինձ լսի, չի ամաչի, և ովքեր ինձ հետ գործեն, չեն մեղանչի»։

32 Այս ամենը բարձրյալ Աստծու ուխտի Գիրքն է և Օրենքը,

33 որ մեզ պատվիրեց Մովսեսը՝ իբրև Հակոբի ժողովուրդների ժառանգություն։

34 Նա իմաստությունը հեղում է Փիսովն գետի նման

35 և ինչպես Տիգրիսը՝ նորահաս բերքի օրերին։

36 Նա գիտությունը լցնում է Եփրատի նման և ինչպես Հորդանանը՝ հնձի օրերին։

37 Նա խրատը սփռում է իբրև լույս և տարածում ինչպես Գեհոնը՝ բերքահավաքի օրերին։

38 Նրան չհասցրեց ճանաչել առաջին մարդը, նրան չքննեց վերջինը ևս,

39 քանզի նրա իմաստությունը ծովից անհուն է, և նրա խորհուրդը մեծ անդունդներից ավելի խոր է։

41 Ես իբրև ջրմուղ ելա գետից և վտակի պես ելա դրախտից։

42 Ասացի՝ ջրեմ պարտեզը և ածուն։

43 Եվ ահա ջրմուղն ինձ համար գետ դարձավ, և գետն ինձ համար ծով դարձավ։

44 Տակավին ես գիտությունը պիտի լուսավորեմ ինչպես առավոտ և նրա լույսը տարածեմ մինչև հեռաստանները։

46 Եվ տակավին ուսմունքը պիտի սփռեմ իբրև մարգարեություն և այն հավիտյանս պիտի թողնեմ ազգերի մեջ։

47 Տեսե՛ք, ես ոչ միայն ինձ համար աշխատեցի, այլև բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են այն։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também