Pular para o conteúdo
Publicidade

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 6

Ճշմարիտ և կեղծ բարեկամներ

1 Բարեկամ լինելու փոխարեն մի՛ եղիր թշնամի, քանզի չար անունը իր հետ կբերի ամոթ և նախատինք մեղավորին ու երկերեսանուն։

2 Քո հոգու խորհուրդների մեջ մի՛ բարձրացրու քեզ, որպեսզի քո անձը չմորթոտվի զվարակի նման,

3 այլապես քո տերևները կոչնչացնես, քո պտուղները կկորցնես և կմնաս իբրև չորացած ծառ։

4 Չար հոգին կործանում է իր տիրոջը և նրան ոտնատակ դարձնում թշնամիներին։

5 Քաղցրախոս մարդը շատացնում է իր բարեկամներին, քաղցրախոս լեզուն մեծացնում է մտերմությունը։

6 Որդյա՛կ, ովքեր քեզ հետ խաղաղության մեջ են, թող մեծաթիվ լինեն, բայց քո խորհրդակիցը հազարից մեկը թող լինի։

7 Եթե բարեկամ ես ձեռք բերում, նեղության մեջ փորձո՛վ ձեռք բեր նրան և իսկույն մի՛ վստահիր նրան,

8 քանզի բարեկամ կա, որ բարեկամ է իրեն պետք եղած ժամանակ միայն և քեզ հետ բարեկամ չի մնա քո նեղության օրը.

9 բարեկամ կա, որ թշնամի է դառնում քեզ, և քո վեճն ու նախատինքը հրապարակում։

10 Բարեկամ էլ կա, որ սեղանակից է դառնում քեզ, սակայն քեզ մոտ չի մնա քո նեղության օրը։

11 Քո բարեկեցության ժամանակ նա քեզ նման կլինի և հանդուգն կվերաբերվի քո ծառաներին։

12 Եթե սնանկանաս, նա քեզ հակառակ կլինի և կթաքնվի քեզնից։

13 Հեռո՛ւ մնա քո թշնամիներից և զգո՛ւյշ եղիր ստախոս ու երկերեսանի բարեկամներից։

14 Հավատարիմ բարեկամը հզոր պատվար է. ով գտնի նրան՝ գանձ է գտել։

15 Հավատարիմ բարեկամն անփոխարինելի է, և անկշռելի է նրա բարությունը։

16 Հավատարիմ բարեկամը կյանքի դեղ է, և միայն Տիրոջից երկնչողները կգտնեն նրան։

17 Ով երկնչի Տիրոջից, կհաջողի բարեկամության մեջ, որովհետև ինչպիսին ինքն է, այնպիսին էլ՝ իր մերձավորը։

Սովորելու դժվար ճանապարհը

18 Որդյա՛կ, ուսո՛ւմ փնտրիր քո մանկությունից, և մինչև ծերություն իմաստություն պիտի գտնես։

19 Նրան մոտեցի՛ր վարողի և սերմանողի նման, և սպասի՛ր նրա բարի պտուղներին.

20 թեև այն մշակելու պահին մի փոքր կհոգնես, բայց շուտով կուտես նրա պտուղները։

21 Տգետների համար այն քարքարոտ ճանապարհ է, և անմիտ մարդը նրա մեջ երկար չի մնա։

22 Փորձության ծանր քարի նման այն բեռ է նրա վրա, և նա չի դանդաղի այն դեն շպրտել։

23 Արդարև, իմաստությունը համապատասխանում է իր անվանը և շատերին հայտնի չէ։

24 Լսի՛ր, որդի՛ս, և ընդունի՛ր իմ խրատը, մի՛ մերժիր իմ այս խորհուրդը։

25 Քո ոտքը դի՛ր նրա ոտնակապերի մեջ և քո պարանոցը՝ նրա շղթաների մեջ։

26 Խոնարհեցրո՛ւ քո ուսը, վերցրո՛ւ այն և մի՛ ձանձրացիր նրա կապանքներից։

27 Քո բովանդակ հոգով մոտեցի՛ր նրան և քո բովանդակ զորությամբ պահի՛ր նրա ճանապարհները։

28 Քննի՛ր, փնտրի՛ր, և կճանաչես այն. և երբ բռնես, մի՛ թող նրան,

29 քանզի դու ի վերջո հանգիստ կգտնես նրա մեջ, և քեզ համար նա ուրախություն կդառնա։

30 Քեզ համար նրա կապանքները զորության պատվար կլինեն, և նրա շղթաները՝ փառքի պատմուճան։

31 Արդարև, ոսկեղեն զարդ կա նրա վրա, և նրա կապանքները հակինթի շար են։

32 Այն կհագնես իբրև փառքի զգեստ և քո վրա կդնես իբրև ցնծության պսակ։

33 Որդյա՛կ, եթե ցանկանաս, կդաստիարակվես և եթե հոգով նվիրվես, խորագետ կլինես։

34 Եթե լսել սիրես, կհասկանաս և եթե մոտեցնես քո ականջը, իմաստուն կլինես։

35 Եղի՛ր ծերերի բազմության մեջ, և ով իմաստուն է, հակվի՛ր դեպի նա։ Ցանկացի՛ր լսել աստվածառաք բոլոր զրույցները, և թող հանճարեղ ասույթները չվրիպեն քեզնից։

36 Եթե իմաստուն մարդ տեսնես, առավոտից նրա մո՛տ եղիր, և թող քո ոտքը մաշի նրա դռան սեմը։

37 Խորհի՛ր Տիրոջ հրամանների մասին և տևապես ձգտի՛ր նրա պատվիրաններին։ Նա կհաստատի քո սիրտը և իմաստության ցանկություն կտա քեզ։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também