1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի
Տիրոջը հուսացի.
Ինչո՞ւ եք ասում ինձ, որ ճնճղուկի պես լեռները թռչեմ։
2 Մեղավորներն ահա լարել են իրենց աղեղները
Եվ պատրաստել են իրենց նետերը կապարճների մեջ,
Որ մութն ընկնելիս ուղղամիտների վրա արձակեն։
3 Ինչ դու շինեցիր, նրանք ավերեցին.
Արդարն ի՞նչ կարող էր անել։
4 Տերն իր սուրբ տաճարում է,
Տիրոջ գահը՝ երկնքում։
Նրա աչքերը տնանկներին են նայում,
Իսկ արտևանունքները քննում են մարդկանց որդիներին։
5 Տերն է քննում արդարին և ամբարիշտին։
Ով մեղքն է սիրում, ատում է ինքն իրեն։
6 Մեղավորների վրա որոգայթ, հուր և ծծումբ կտեղա.
Այս մրրիկն է նրանց բաժակի բաժինը։
7 Արդար է Տերը և արդարություն է սիրում.
Ճշմարտությանն է նայում երեսը նրա։