1 Սաղմոս Դավթի
Տե՜ր, քեզ պիտի խոստովանեմ իմ ողջ սրտով,
Սաղմոս պիտի երգեմ քեզ հրեշտակների առջև,
Որովհետև լսեցիր բերանիս խոսքերը։
2 Պիտի երկրպագեմ քո սուրբ տաճարում
Եվ խոստովանեմ անունդ
Քո ողորմության և ճշմարտության համար.
Ամեն ինչում մեծարեցիր քո սուրբ անունը։
3 Որ օրը քեզ աղոթեմ, լսի՛ր ինձ շուտով
Եվ բազմացրո՛ւ հոգուս զորությունները։
4 Աշխարհի բոլոր թագավորները
Քեզ պիտի խոստովանեն,
Որովհետև լսեցին քո բերանի խոսքերը
5 Եվ պիտի օրհնեն քո ճամփաները։
Քանզի մեծ է փառքը Տիրոջ,
6 Քանզի բարձր է Տերը,
Տեսնում է խոնարհներին,
Հպարտներին՝ հեռվից ճանաչում։
7 Եթե ընթանամ նեղությունների միջով,
Կփրկես ինձ թշնամու բարկությունից.
Ձեռքդ կպարզես, և քո աջը կփրկի ինձ,
8 Եվ իմ փոխարեն Տերը կհատուցի։
Քո ողորմությունը հավերժ է, Տե՜ր,
Մի՛ անտեսիր ձեռքիդ գործերը։