1 Ալելուիա
Մանուկնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը
Եվ օրհնեցե՛ք անունը Տիրոջ.
2 Թող օրհնյալ լինի անունը Տիրոջ
Այսուհետև մինչև հավիտյան։
3 Արևելքից մինչև արևմուտք
Օրհնյա՜լ է Տիրոջ անունը։
4 Բարձր է Տերը բոլոր ազգերից,
Եվ երկնքում է նրա փառքը։
5 Ո՞վ է նման Տիրոջը՝ մեր Աստծուն,
Որ բնակվում է բարձունքներում
6 Եվ տեսնում է խոնարհներին երկնքում և երկրում.
7 Աղքատներին բարձրացնում է գետնից
Եվ տառապյալներին հանում աղբանոցից։
8 Իր ժողովրդի իշխանների կողքին
Իշխաններ է կարգում նրանց։
9 Ամուլին բնակեցնում է ցնծալի տան մեջ,
Ինչպես իր զավակներով բերկրող մայրը։