1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի
Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։
Ապականվեցին և պղծվեցին իրենց անօրենությունների մեջ,
Եվ չկա մեկը, որ բարություն գործի։
2 Տերը երկնքից նայեց մարդկանց բոլոր որդիներին՝
Տեսնելու, թե կա՞ Աստծուն փնտրող մի իմաստուն մարդ։
3 Ամենքը միասին խոտորվեցին և անպիտան դարձան,
Չկա բարություն անող, մինչև իսկ մեկ հոգի չկա։
4 Ինչպե՞ս է, որ նրանք չեն գիտակցում,
Որ անօրենություն են գործում.
Ովքեր ուտում են իմ ժողովրդին որպես հացի կերակուր
Եվ չեն դիմում Տիրոջը։
5 Այնտե՛ղ կսարսռան երկյուղից, որտեղ երկյուղ չկա,
Որովհետև Տերն արդարների ազգի մեջ է։
6 Անարգեցիք աղքատի խորհուրդը,
Բայց Տերն է նրա հույսը։
7 Սիոնից ո՞վ կտա փրկությունն Իսրայելի։
Երբ Տերն իր ժողովրդին վերադարձնի գերությունից,
Հակոբը կցնծա, և Իսրայելը ուրախ կլինի։