1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար
Ես ուրախանում էի, երբ ինձ ասում էին.
«Տիրոջ տուն ենք գնալու»։
2 Մեր ոտքերը հասել էին քո դռներին, Երուսաղե՜մ։
3 Երուսաղեմը կառուցված է իբրև քաղաք,
Եվ բնակչությունը՝ նրա շուրջ։
4 Ազգերը այնտեղ ելան, ազգերը Տիրոջ,
Իբրև վկայություն Իսրայելի՝
Խոստովանելու Տիրոջ անունը։
5 Քանզի այնտեղ են դրված աթոռները դատաստանի,
Աթոռներ՝ դրված Դավթի տան մեջ։
6 Հարցրե՛ք Երուսաղեմի խաղաղության
Ու շենության մասին, դուք, որ սիրում եք նրան։
7 Թող խաղաղություն լինի քո զորության մեջ,
Եվ քո ամրոցների աշտարակներում՝ շենություն։
8 Իմ եղբայրների և ընկերների համար
Քեզ խաղաղություն մաղթեցի,
9 Քեզ և Տիրոջ՝ մեր Աստծու տան համար
Քեզ բարություն ցանկացանք։