1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար
«Բազում անգամ մարտնչեցին իմ դեմ
Իմ մանկությունից,- թող ասի Իսրայելը,-
2 Բազում անգամ մարտնչեցին իմ դեմ
Իմ մանկությունից, սակայն չհաղթեցին ինձ։
3 Մեղավորները հարվածեցին թիկունքներիս,
Երկարացրին իրենց անօրենությունները»։
4 Արդար է Տերը, մեղավորների լուծը նա կխորտակի։
5 Կամաչեն և կընկրկեն
Բոլոր նրանք, ովքեր ատում են Սիոնը։
6 Նրանք կլինեն տանիքի խոտի նման,
Որ չորանում է հնձվելուց առաջ։
7 Դրանով հնձվորն իր բուռը չի լցնի,
Ոչ էլ խուրձ կապողը՝ իր գիրկը։
8 Նրանց կողքից անցնողները չեն ասի.
«Տիրոջ օրհնությունը ձեզ հետ լինի,
Եվ օրհնյալ լինեք Տիրոջ անունով»։