1 Սաղմոս Երեմիայի
Այնտեղ՝ բաբելացիների գետերի մոտ,
Նստում էինք ու լաց լինում Սիոնը հիշելիս։
2 Նրանց ուռիներից էինք կախել մեր քնարները։
Այնտեղ մեզ գերողներն օրհնության խոսքեր էին ուզում,
3 Մեզ գերեվարողները ստիպում էին մեզ և ասում.
«Մեզ երգե՛ր ասեք օրհնությունից Սիոնի»։
4 Բայց ինչպե՞ս երգենք օտար երկրում
Օրհնությունները Տիրոջ։
5 Եթե մոռանամ ես քեզ, Երուսաղե՛մ,
Թող իմ աջը մոռանա ինձ,
Թե չհիշեմ քեզ,
6 Թող լեզուս կցվի քիմքիս,
Եթե քո նվագը նախ չնվագեմ, ո՜վ Երուսաղեմ,
Սկի՛զբն իմ ուրախության։
7 Տե՛ր, հիշի՛ր Եդովմի որդիներին,
Որ Երուսաղեմի անկմանը ասում էին.
«Քանդե՛ք, քանդե՛ք,
Հիմնահատակ քանդե՛ք»։
8 Ո՜վ թշվառական՝ դո՛ւստր բաբելացիների,
Երանի՜ նրան, որ կհատուցի քեզ,
Ինչպես դու հատուցեցիր մեզ։
9 Երանի՜ նրան, որ կառնի քո մանուկներին
Եվ քարին կհարվածի։