1 Դպրապետին՝ նվագարանով։ Սաղմոս Դավթի
2 Տե՛ր, Տե՜ր մեր, ի՜նչ սքանչելի է քո անունը
Ամբողջ աշխարհում։
Բարձրացավ քո մեծ վայելչությունը երկնքից էլ վեր։
3 Մանկահասակ և կաթնակեր մանուկների բերանից
Թող օրհներգություն ելնի ընդդեմ քո թշնամիների,
Որ կործանվեն հակառակորդն ու թշնամին։
4 Երկինքը տեսնեմ՝ գործը մատներիդ,
Աստղերն ու լուսինը, որ դո՛ւ հաստատեցիր։
5 Ո՞վ է մարդը, որ հիշում ես նրան,
Կամ մարդու որդին, որ այցի գաս նրան։
6 Քո հրեշտակներից փոքր-ինչ խոնարհ ստեղծեցիր նրան,
Փառքով ու պատվով պսակեցիր նրան
7 Եվ կանգնեցրիր նրան քո բոլոր ձեռակերտների վրա։
Ամեն ինչ հնազանդ դարձրիր նրա ոտքերի տակ՝
8 Ոչխար, արջառ և ամեն տեսակի վայրի անասուն,
9 Երկնի թռչուններ ու ծովի ձկներ, որ շրջում են ուղիներում ծովի։
10 Տե՜ր, Տե՜ր մեր, ի՜նչ սքանչելի է
Քո անունը երկրի վրա։